Չփոշիացնենք մեր փառավոր հաղթանակաների դափնիները
Սիրելի հայրենակից, բարեկամ, ընկեր, համախոհ ու նաև ընդդիմախոս. ահա և ավարտվեց մեր անկախության և երրորդ հանրապետության պատանեկության շրջանը, և մենք փառավորապես նշեցինք մեր նորանկախ պետականության տասնութերորդ տարեդարձը։ Տոնակատարություների ժամանակ, անշուշտ, հիշեցինք նաև այդ հաղթանակների զոհասեղանին իրենց կյանքը նվիրաբերած մեր շատ ու շատ հերոսների, որոնցից շատերը ճիշտ մեր այսօրվա տարիքին էին։
Չմոռանանք, որ պատերազմների ժամանակ հերոսաբար և հանուն բաղձալի վաղվա օրվա նահատակվում են լավագույնները, և նրանց տեղը երկար ժամանակ բաց է մնում, երկար ժամանակ զգացվում է նրանց շիտակ խոսքի ու անկոտրում կամքի կարիքը։ Արագահոս ժամանակը, սակայն, չի սպասում. և կարծում ենք, որ մենք` երիտասարդներս, գիտակցված պարտականություններ ունենք ո´չ միայն նրանց շիրիմների առջև, այլ, որ ամենակարևորն է` նրանց կիսատ թողած գործը շարունակելու գործում։
Հիմա անկեղծորեն հարցնենք ինքներս մեզ. գո՞հ պիտի լինեին նրանք իրենց հայրենիքի ներկա վիճակից, երբ տեսնեին, թե ինչպես հայրենիքի միասնականության մասին իրենց երազանքն այսօր փշրվում է հայրենակցականության նեղլիկ նկուղներում։
Այո´, կեղծ հայրենակցականության, որովհետև առանց այն էլ պատմականորեն տրոհված մեր հայրենիքի երեք մասերը հիմա էլ արհեստականորեն փորձում ենք ավելի ու ավելի մասնատել… բայց մինչև ե՞րբ…
Քսաներորդ դարասկզբի սոսկալի ցեղասպանությունից հետո մազապուրծ եղած մեր բազմահազար հայրենակիցները աշխարհով մեկ սփռված` հայապահպանությունը հարատևելու, իրենց հայրենակիցներին փնտրելու և գտնելու, երկրամասի մշակույթն ու ավանդույթները օտար հողում պահպանելու և իրենց զավակներին փոխանցելու այլ ելք չունեին, քան հայրենակցական միություններում միավորվելը։ Հիրավի սուրբ, շնորհակալ ու դժվարին գործ էր։ Սա´ էր հայրենակցան միություների ճշմարիտ առաքելությունը, և այսօրվա մեր հզոր սփյուռքի հայկական ակունքները գալիս են հենց այդ միություններից։
Այսօրվա մեր գործողություններով մենք վիրավորում ենք այդ վեհ գաղափարը։ Չէ՞ որ դա քսաներորդ դարասկզբին էր և հողն էլ օտար էր։ Հիմա քսանմեկերորդ դարասկիզբն է, և մենք ապրում ենք մեր հողում։ Մե´ր հողում, մե´ր հայրենիքում, մեկ զինանշանի ու դրոշի ներքո. ավելին` դիտում ենք նույն տափակ հեռուստաալիքները և գնումներ ենք կատարում նույն խանութներից…
Ո՞վ է այս պառակտման հեղինակը`պատմությունն ինքը կորոշի, բայց մեր` երիտասարդներիս, այսօրվա, թերևս ամենահրատապ խնդիրն է` կասեցնել այդ խայտառակ գործընթացը։
Միավորվե՞լ ենք ուզում։ Բազում և բազմազան են համահայկական խնդիրները` պատմամշակութայինից մինչև բարձր տեխնոլոգիաների ոլորտները, հայեցի դաստիարակությունից մինչև համահայկական հզոր ներուժը ի փառս հայրենիքի օգտագործելու դժվարագույն խնդիրները, իսկ մենք մինչև այսօր «տուն-տունիկ» ենք խաղում սեփական տան մեջ։
«Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության բազմաթիվ անդամներն ունեն խնդրի լուծման իրենց մոտեցումներն ու տարբերակները, որոնք անշուշտ վիճահարույց են ու չեն հավակնում վերջնական լինել։
Անսահման են քննարկվելիք հարցերը, առավել ևս դժվար են դիպուկ մարտավարության ծրագրերի մշակման խնդիրները, բայց միթե՞ հեշտ էր մեր հասակակիցների համար պատերազմի դաշտում…
Ազատությունը մեկ օրում ձեռք չեն բերում։ Դա անդադար ու անխափան գործընթաց է, որի մասնակիցը պիտի դառնանք բոլորս, ու պիտի սկսենք մեզանից։
Մենք հրավիրում ենք բոլորին ծանոթանալու, առողջ ու նպատակային բանավեճի, զրույցի, և միասին լծվելու համահայկական հարցերի խճճված հանգույցի պատվաբեր հանգուցալուծմանը։
Ի դեպ մեզ մոտ չկան բարձր ու ցածր աթոռներ` բոլորն էլ հավասար են և հայրենական արտադրության։
«Ժայռ» երիտասարդական խորհուրդ
| Share |
| Հաջորդ > |
|---|
Վերջին Թարմացում (Շաբաթ, 25 Սեպտեմբեր 2010 23:32)














